GTRPFoundation
Без рубрикиՆորություններ

«Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ»-ը կազմակերպում է Ձմեռային տրանս ճամբար

«Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ»-ը կազմակերպում է Ձմեռային տրանս ճամբար՝ ՀՀ մարզերում բնակվող տրանս անձանց, ինչպես նաև Հայաստանում բնակվող փախստական և ապաստան հայցող տրանս անձանց համար։

Ճամբարի նպատակն է ստեղծել անվտանգ, ներառական և աջակցող միջավայր, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու իրենց կարողությունները, հոգ տանելու հոգեկան բարեկեցության մասին, կիսվելու փորձով, ձևավորելու նոր համայնքային կապեր և ստանալու փոխադարձ աջակցություն։

Ճամբարի կարևոր ուղղություններից է նաև փախստական և ապաստան հայցող տրանս անձանց ինտեգրումը տրանս համայնքում։ Ճամբարը հնարավորություն կստեղծի ծանոթանալու համայնքի այլ անդամների հետ, ձևավորելու նոր սոցիալական և համայնքային կապեր, ստանալու անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն, ինչպես նաև առավել ակտիվ ներգրավվելու համայնքային կյանքում։

Ի՞նչ է նախատեսվում ճամբարի ընթացքում

Ճամբարի ծրագրում նախատեսվում են՝

  • կրթական հանդիպումներ և քննարկումներ,
  • ինքնազորացման և առաջնորդության թեմաներով հանդիպումներ,
  • մարդու իրավունքների և անվտանգության վերաբերյալ քննարկումներ,
  • հոգեկան բարեկեցությանն ուղղված տարբեր թերապևտիկ հանդիպումներ,
  • յոգա,
  • նկարչություն և ստեղծագործական աշխատանքներ,
  • համայնքային հանդիպումներ և համատեղ գործունեություններ,
  • փորձի փոխանակման և փոխադարձ աջակցության հնարավորություններ,
  • հանգիստ, շփում և նոր համայնքային կապերի ձևավորում։

Ճամբարը համատեղելու է կրթությունը, վերականգնումը, ինքնազորացումը և համայնքային կապերի ամրապնդումը՝ ստեղծելով միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ազատ շփվել, սովորել միմյանցից, կիսվել իրենց փորձով և զգալ համայնքի աջակցությունը։

Ո՞վ կարող է դիմել

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել՝

  • ՀՀ մարզերում բնակվող տրանս անձինք,
  • Հայաստանում բնակվող փախստական տրանս անձինք,
  • Հայաստանում բնակվող ապաստան հայցող տրանս անձինք։

Ինչպե՞ս դիմել

Ձմեռային տրանս ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց մասնակցության հայտը։

Հայտերի դիտարկումից հետո ընտրված մասնակիցների հետ Հիմնադրամի թիմը կապ կհաստատի՝ ճամբարի և կազմակերպչական հետագա մանրամասները ներկայացնելու համար։

Դիմելու վերջնաժամկետ՝ 2026 թ. նոյեմբերի 20, ժամը՝ 18։00

Ձմեռային տրանս ճամբարը կրթության, վերականգնման, նոր կապերի, փոխադարձ աջակցության և ավելի ուժեղ ու համերաշխ տրանս համայնքի ձևավորման տարածք է։